Կառավարության այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստի ժամանակ որոշվեց համաներում կիրառել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ։
Կառավարությունն առաջարկում էր համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկինում կիրառված համաներումները երբեք չեն տարածվել այս հոդվածի վրա։
«Թվում է, որ հիմա այս որոշումը կայացնելու ամենաանպատեհ ժամանակն է՝ 44-օրյա պատերզմից հետո զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում սահմանել, բայց որոշումը կայացվել է նաև հետևյալ նկատառումներով․ մեր բանակը, ԶՈւ-ը թևակոխում է խորը և բովանդակային բարեփոխումների փուլ։ Սա հնարավորություն է մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոսը, այս հոդվածով է հետախուզվում։