ԱԺ հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խոսեց իրենց հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին։
Նա նշեց, որ նախագծի նպատակն է ռազմարդյունաբերության խթանումը և գիտական ներուժի օգտագործումը՝ ի շահ մեր բանակի և պետության:
Պատգամավորը հայտնեց, որ փոփոխությունների նախագծով առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև զորակոչից տարկետման տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կընդունվեն բուհ և պայմանագիր կկնքեն, որ պատրաստ են իրենց ներուժը օգտագործել ի շահ բանակի:
Հիշեցնենք, որ Կառավարությունը «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագծին բացասական պատասխան է տվել։
«Կառավարությունը մերժել է այն նախագիծը, որը կապահովեր գիտության մուտքը ռազմարդյունաբերություն։ Անվտանգային խնդիրները չենք կարող լուծել, եթե չզարգացնենք ռազմարդյունաբերությունը»,- նշեց նա։
Գորգիսյանը ևս մեկ անգամ կարևորեց ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանում։