Մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի՝ մինչև նրանց ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ երբ միջազգային իրավունքի շրջանակում այդ մարդիկ կկրեն պատասխանատվություն, կարելի է խոսել պետության հետ բարեկամության մասին։
Խոսելով Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնելու հայտնի պատմության մասին՝ Տարոն Սիմոնյանն ասաց․
«Հանուն արդարության պետք է ասեմ, որ իշխող քաղաքական խմբակցության կողմից Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնող արտահայտություն դեռ չեմ լսել։ Գուցե մեկնաբանություններ եղել են՝ ես անձամբ չեմ լսել։ Չեմ էլ կարծում, որ որևէ հայ դա կդնի կասկածի տակ»,- ասաց Սիմոնյանը։
Նա ասաց, որ այդուհանդերձ իշխանությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում պետք է շատ զգույշ լինեն, քանի որ նրանց արտահայտությունները միջազգային ատյաններում օգտագործվում են մեր դեմ։
«Արդյո՞ք պատգամավորների կողմից հայամետ քաղաքականության դրսևորում է հակառակորդին քո դեմ դատական կամ իրավական գործընթացներում փաստարկներ ներկայացնելու հնարավորություն տալը»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ մայիսի 4-ի նիստում, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատապարտեցին ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդման գործողությունները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ուրախությամբ արձանագրեց, որ իշխող ուժի իր գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականություն։