Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բառացի ասել է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց վերջինս ասում էր՝ ո՛չ, ավելի՛ն պետք է տաք։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց նա ասում էր՝ ո՛չ»,- նշեց Փաշինյանը։
Նա կրկին խոսեց Շուշիի մասին՝ ասելով, որ Շուշիի հարց միշտ եղել է։ Իսկ երբ իրենց մեղադրում են բանակցային գործընթացը տապալելու, սեփական կետից սկսելու մեջ, ապա ո՞ւմ կետից պետք է սկսեին։
«Պետք է ասեինք՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կեսը տվել է, եկեք մյուս կեսն էլ մենք ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի՞»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր ասածների ապացույցը Սարգսյանի խոսքերն են, ինքն իրենից ոչինչ չի ասում։