Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ապրիլի 30-ի նիստում դեմ է քվեարկել ընդդիմության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցին։
Նախագիծն ԱԺ օրակարգում չի ընդգրկվել 51 դեմ, 27 կողմ և 0 ձեռնպահ ձայներով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացնելով հայտարարության հիմնական շեշտադրումները, հայտարարել է, որ «պիլոտային սահմանազատումն իրականում ՀՀ-ն թշնամուն տալու գործընթաց է՝ մաս-մաս կտրատելով»։
«Գործընթացն առանց որևէ հիմնավորման սկսվեց Շուռնուխից և շարունակվում է Տավուշում։ ԱԺ հայտարարությամբ ուզում էինք հասկանալ՝ ի՞նչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը։ Առաջարկեցինք առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագույն փորձով»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ իշխանությունը թեև խոստացել էր, բայց գործընթացը համակարգելու վերաբերյալ որևէ նախագիծ չի ներկայացվել ԱԺ։
Նա նշել է, որ բացի սահմանազատումից՝ կառավարությունն անհասկանալի իրավական բազայի հիմքով նաև սահմանագծում է իրականացնում։
«Փաստացի՝ այնտեղ ինչ-որ սյուներ են տեղադրվել, բայց ո՞վ է այդ իրավունքը տվել»,- հավելել է պատգամավորը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ընդդիմության հայտարարությունը «ռիսկեր և վտանգներ է պարունակում»։
«Հայտարարության տեքստով որևէ նոր բան չի առաջարկվում այն գործընթացների մասով, որոնք այս օրերին իրականացվում են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Այն Հայաստանի Հանրապետության պետականության համար ռիսկեր և վտանգներ է պարունակում»,- նշել է Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։