Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանը։
Կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա:
«Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար»,- ավելացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։
Մայիսի 17-ին Վրաստանի և Թուրքիայի ղեկավարները ողջունել էին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը։