Դատավոր Աննա Դանիբեկյանի ղեկավարությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատական նիստի սկզբում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց։
Նա նշեց, որ Արմեն Գևորգյանն այս պահին ամբուլատոր հսկողության տակ է։ Նա միջնորեց դատական նիստը հետաձգել մայիսի 25-ից ոչ շուտ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վադևանյանը միջնորդեց դատական նիստը նշանակել հունիսի 20-ից հետո՝ հաշվի առնելով նախընտրական ընթացքը և այն, որ Ռ․ Քոչարյանը ևս մասնակցելու է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ռ․ Քոչարյանը գլխավորելու է «Հայաստան» դաշինքը։ Ընտրողների հետ հանդիպումներ են լինելու։ Ստացվում է՝ հանրային արժեքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը ստորադասվելու է արդար դատաքննության իրավունքին այն պայմաններում, երբ տուժող չկա։ Մինչև հունիսի 20-ը նիստը նշանակելն ուղղակիորեն խոչընդոտ է լինելու այդ առումով։ Ներկայումս դեռևս անհասկանալի կարգավիճակ ունեցող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ևս հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Հիմա ստացվում է՝ երեքշաբթի օրը, երբ կարող է դատական հերթական նիստը հրավիրվել, Փաշինյանը առավելություն է ստանում։ Ինչո՞ւ նա այդ առավելությունը պետք է ունենա»,-ասաց Վարդևանյանը։
Մեղադրող կողմը նշեց, որ Վարդևանյանի հայտարարությունը դատական նիստը տևական ժամանակով հետաձգելու մասով որևէ հիմք չունի, իսկ Ա․ Գևորգյանի վերաբերյալ միջնորդության մասով մեղադրող կողմը առարկություն չուներ։
Մանրամասները՝ տեսանյութում․