ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ըստ հրամանի՝ ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 900-ին:
Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 1100-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 1000-ին:
Ավարտական (9-րդ դասարանի) և պետական ավարտական (12-րդ դասարանի) քննությունները կազմակերպվում են իրենց դպրոցներում (քննական կենտրոններում): Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Յուրաքանչյուր խմբի աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ:
Սովորողը քննություններին ներկայանում է դիմակով, անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ), կենտրոնացված ավարտական քննության մասնակիցները` անձնագրով կամ հաստատության տնօրենի կողմից տրված լուսանկարով տեղեկանքով և ԳԹԿ-ի կողմից տրված անցաթղթով, Մեդալի հավակնորդները` անձնագրով կամ հաստատության տնօրենի կողմից տրված լուսանկարով տեղեկանքով :
Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից:
Սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ: Քննության ընթացքում քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
Առաջադրանքի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում, իսկ քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող առաջադրանքները փոխարինվում են նորով:
Սովորողի կողմից ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից: Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը:
Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
Կենտրոնացված ավարտական քննական գնահատականները հրապարակվում են քննության հաջորդ օրը, մինչև ժամը 14:00-ն: Ավարտական և պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` ժամը 1400-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:
9-րդ դասարանում «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» առարկաների քննությունների ստուգող հանձնաժողովների անդամների 50%-ը՝ տվյալ առարկաների մասնագետներ են:
12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
Քննական արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:
Քվեարկության արդյունքներում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է `
1) 4-րդ դասարանում՝ դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը.
2) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ քննական կամ առարկայական հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը.
3) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամ(ներ)ը արձանագրության մեջ կարող է (են) կատարել հատուկ նշում:
Քննության անցկացման կարգի խախտման մասին սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և պատասխանում է բողոքը ներկայացնողին:
Քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին բողոքները ներկայացվում են քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում` Հաստատության տնօրենին:
Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները, ոչ ուշ քան դիմումը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին: Կենտրոնացված ավարտական քննության գնահատականների վերաբերյալ բողոքը Հաստատության տնօրենը բողոքն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով փոխանցում է կենտրոնացված քննության քննական կենտրոնի ղեկավարին:
Կենտրոնացված ավարտական քննության գնահատականի վերաբերյալ բողոքարկումը իրականացնում է մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված առարկայական հանձնաժողովը: Դիմում-բողոքների քննարկումից հետո կարող է որոշում ընդունվել քննության գնահատականի պահպանման կամ բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին, որը հրապարակվում է:
Կենտրոնացված ավարտական քննության բողոքարկման արդյունքները առարկայական հանձնաժողովը հրապարակում է դիմում-բողոքները քննելու հաջորդ օրը: Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով՝ Նախարարություն և (կամ) դատարան:
Հիշեցնենք, որ 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հունիսի 22-ից հուլիսի 3-ը՝ հետևյալ առարկաներից.
«Մայրենի» (գրավոր, թեստ) – 22.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 25.06.2021 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց պատմություն» (բանավոր) – 21.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 24.06.2021 թ.
«Գրականություն» (բանավոր) – 28.06.2021 թ.
«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 30.06.2021 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 03.07.2021 թ.
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – 05.07.2021 թ.
«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – հունիսի 21-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար –
քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր) – 09.06.2021 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) – 16.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) – 23.06.2021 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում