Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայութունը։
Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Զորի Հայկի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Ձեր ամբողջ կյանքը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գործին, դարձել եք նրա կենդանի հերոսներից մեկը և Ձեր արժանի տեղն եք զբաղեցրել մեր նորագույն պատմության մեջ»։
Արցախի նախագահը նշել է, որ Զորի Բալայանը, կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում, միշտ ապրել է հարազատ ժողովրդի հոգսերով և արել եք հնարավորը՝ նրա նվիրական իղձերի ու երազանքների իրականացման համար:
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում երկար տարիների կյանք, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասված է Արցախի նախագահի ուղերձում։