Երեկ երեկոյան և այսօր կեսօրին այցելել եմ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով և տեղեկացել, որ առավոտյան նրանց են այցելել բժիշկները: Մ.Դավթյանն ու Դ.Ավանեսյանը հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն և ինքնազգացողության վատթարացման նշաններ չկան:
Քննարկվել են արևահարումից խուսափելու համար հացադուլի անցկացման վայրը փոխելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև ներկայացված պահանջների շուրջ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունները։
Ձեռք է բերվել պարբերաբար հանդիպելու և անհրաժեշտության դեպքում նրանց կողմից ներկայացվող խնդիրները իշխանության մարմիններին մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փոխանցելու պայմանավորվածություն»,-նշել է ԱՀ ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Armenia today-ի հետ զրույցում հայտնել էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ամուսիններ Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը երեկվանից հացադուլ են հայտարարել։