Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացել է օպերային երգիչ, ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթի անդամ Հովհաննես Կարապետյանի մենահամերգը:
Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Մոցարտի, Բիզեի, Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործություններից, ելույթ են ունեցել նաև Նարեկ Վարդանյանն ու ջութակահար Դավիթ Հակոբյանը, ովքեր նույնպես ծառայում են «Ասպետ» համույթում:
Համերգից հետո Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Կարապետյանը նշել է, որ համերգը կարևորում է Արցախում վոկալ երաժշտությունը զարգացնելու տեսանկյունից: «Իսկ համերգի գաղափարը վաղուց էր ծագել, դեռևս Ստեփանակերտ տեղափոխվելու ժամանակվանից: Այն կայացել է ընկերների, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ»,- նշել է Հովհաննեսը:
Համերգի օրը համընկել է Հովհաննեսի ծննդյան օրվա հետ, որը պատահականություն չէր: «Նախապես համերգը ծրագրված էր հոկտեմբեր ամսին: Այն հետաձգվեց, քանի որ հոկտեմբերին ինձ գործուղեցին Երևան: Ես էլ որոշեցի ծննդյանս օրը կազմակերպել»,- ժպտալով պատմում է Հովհաննեսը:
Հովհաննես Կարապետյանը Գյումրիից է, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում` օպերային երգչի մասնագիտությամբ:
Արժանացել է մի շարք մրցանակների` այդ թվում Տաթևիկ Սազանդարյանի անվան օպերային մեներգիչների 7-րդ համապետական մրցույթում` հատուկ մրցանակ, Կոմիտասի անվան հայ երգի համապետական մրցույթում` առաջին կարգի մրցանակ:
Հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում, Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Ռուսաստանում և այլուր:
Մինչև ծառայության ավարտը 8 ամիս ժամանակ է մնացել և Հովհաննեսը հույս ունի այդ ընթացքում նոր, ավելի ընդգրկուն համերգներ ունենալ Արցախում: