«Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն»-ի ղեկավար Վահան Թումասյանը։
«Առավել ծանր է ամբողջովին անջրդի, ամենաաղքատ ու անտեսված՝ Անիի նախկին վարչական շրջանի, hայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում: «Շիրակ կենտրոնը» մի շարք գյուղատնտեսական ծրագրեր հենց այս վայրերում է իրականացնում: Ծրագրերից մեկի՝ «Չմշակվող վարելահողերի վերականգնում, հացահատիկի մշակում» շրջանակում նախորդ տարվանից մոտ 30 հեկտարի վրա աննկարագրելի ծանր աշխատանք կատարեցինք: Սպասում էինք լավ բերքի, հազար ու մի նպատակ կար, բայց երաշտն ամեն ինչ խափանեց:
Բնականաբար, մենք գործի կեսից կանգնողներից չենք: Հիմա կանաչ դաշտերում, չսպասելով բերքահավաքին, սկսել ենք վար անել: Թող համարվի, որ կանաչ պարարտացում ենք անում, միևնույն է, կգտնենք միջոցներ նույն դաշտերում աշնանացան ցորեն ցանել…»,- նշել է նա։