Մեզ մտահոգում է, որ կորոնավիրուսային վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է և ձեռք բերում նորանոր հատկանիշներ։
Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ձմռանը մենք ականատես ենք եղել անգլիական շտամի տարածմանը, այժմ էլ Հնդկաստանում լայնորեն շրջանառվելուց հետո կորոնավիրուսը ձեռք է բերել հնդկական շտամ։
«Դա դելտա շտամն է, որը հիմնական շրջանառվող շտամն է այսօր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ ՌԴ-ում, Վրաստանում արձանագրվել են դելտա շտամի դեպքեր։ Հայաստանում ընտրանքային հետազոտություններ ժամանակ առ ժամանակ իրականացվում են և առաջիկայում էլ Հայաստանում հայտնաբերելու դեպքում անպայմանորեն կներկայացվեն հանրությանը։
Ավանեսյանն ընդգծեց դելտայի առավել բարձր վարակելու ունակությունն ու հիվանդության ավելի ծանր ընթացքի ապահովումը։
Ցավոք, պատվաստումներն աշխարհում այնպիսի մակարդակում չեն, որ դիմադրողականության այնպիսի շեմ ապահովեն հանրության շրջանում, որ հնարավորություն չտան վարակին անընդհատ մուտացվելու։