Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։
Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել։ Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց և ապօրինի կալանքի տակ գտնվող համայնքապետերի դեմ։ Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում։ Ոստիկանության նման վարվելակերպը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն կարողանում մարսել հանրության լայն աջակցությունը սյունեցիներին։