Հանրապետությունում այս տարի անասնակերի խնդիր կա։ Խոտհունձն սկսված է, բայց ցուցանիշները գոհացուցիչ չեն: Խոտի մեկ հակի գինը՝ կախված որակից և տեսակից, սկսում է 1800 դրամից՝ հասնելով մինչև 2000-ի։
Արմավիրի մարզի Վանանդ համայնքում անգամ ջրով հողատարածքներից չեն կարողանում խոտ հավաքել:
Համայնքի բնակիչ Ջիվան Մանուկյանը Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ջուր գրեթե չկա, անհրաժեշտ քանակությամբ չեն կարողացել ոռոգել դաշտերը, հետևաբար խոտի ցանկալի արդյունք էլ չեն ստացել։
«Ախուրյանի ջրամբարից ենք օգտվում, բայց այս սեզոնին, նախորդ տարվա համեմատ, ջրամբարը կիսով չափ է լցված: Մտավախություն կա, որ մինչև օգոստոս ջուր չի լինելու: Եթե պետք էր խոտը հնձելուց առաջ մեկ-երկու անգամ ոռոգել, չենք կատարել, քանի որ ոռոգման ջուրն ուշացումով են մատակարարել: Հնարավոր է՝ երկու քաղից հետո այլևս չկարողանանք հնձել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Նրա պնդմամբ՝ խոտի արժեքն այնքան էլ բարձր չէ, եթե հաշվի առնենք կատարած ծախսերը:
Նույն պատկերն է նաև Գեղարքունիքի և Շիրակի մարզում: Երաշտի պատճառով խոտը քիչ է։
«20 օրից ավելի տեղումներ չեն եղել, իսկ մենք հիմնականոմ անջրդի տարածքներից ենք խոտ հավաքում։ Անհրաժեշտ անասնակերի քանակություն չեն կարողանալու հայթայթել, հետևաբար, անասունների հարկադիր մորթ տեղի կունենա։ Եթե մարդիկ պետք է իրենց անասուններին, օրինակ, եկող գարնանը մորթեին, անասնակերի պատճառով ստիպված կլինեն մինչև ձմեռ վաճառել: Մորթ շատ կլինի, մսի գինն էլ կնվազի, բայց արդեն գարնանը մսեղիքի գինը կտրուկ կբարձրանա»,- նկատեց Շիրակի մարզի Հոռոմ համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը։
Արարատի մարզի Հայանիստ համայնքի անասնապահ Հակոբ Ղալեչյանն արդեն 2 երինջներին վաճառել է: Դժգոհում է՝ խոտը թանկ է, ի վիճակի չէ բարձր արժեքով անասնակեր կուտակել: Գյուղացու խոսքով՝ այս դեպքում անասնապահությամբ զբաղվելն արդեն ձեռնտու չի լինի:
«Հաշվարկել եմ՝ պետք է 300․ 000 դրամի անասնակեր գնեմ, որ կարողանամ ձմռանը երինջներին պահել: Ամեն ինչ թանկանում է՝ բացի գյուղացու արտադրանքից: Խոտի հակը 1500 դրամ է դարձել, բայց մեկ լիտր կաթի գինը 120-150 դրամ է: Միայն իմ չարչարանքն է մնում, եկամուտ չեմ ստանում, նույնիսկ «տակ» եմ տալու»,- բողոքեց նա: