Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Այսօր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ են ընտրում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն առաջադրել են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
Երեկ ավելի քան 7 ժամ տևած նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ այդպես էլ չընտրեցին։ Ելույթները չավարտվեցին, նիստն այսօր է շարունակվում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանին, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանը սկսել է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկումը:
Հավելենք՝ մամուլը գրում է, որ իշխանությունը հակված չէ նրան ընտրել, առավել ևս՝ երեկվա «ոչ կառուցողական» ելույթից հետո:
Ավելին, փորձել են այլընտրանքային «թեկնածուներ» գտնել 2 ընդդիմադիր խմբակցություններում և համոզել, որ 10 օր հետո, երբ նորից թեկնածու առաջադրեն, այլ անձ ներկայացնեն: Անգամ հավանական թեկնածուների վրա են «աշխատել», որ գայթակղեն։
Ըստ լրատվամիջոցների՝ եթե ընդդիմությունից մի քանի հոգի Սաղաթելյանին ձայն չտա, նա չի ընտրվի։ Սակայն դաշինքներում իմացել են և կարծես թե կանխել են դավադրությունը: Իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում։