Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը չի փոխվել․ նրանք ցանկանում են Արցախը ոչնչացնել, կործանել հայոց պետականությունը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե պետք է համարժեք պատասխան տալ սադրանքներին՝ արցախա- ադրբեջանական սահմանին և ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում։
«Ադրբեջանը, բնականաբար, հասկանում է, որ այս պահի դրությամբ ուժով չի կարող Արցախը ոչնչացնել, քանի որ տեղայակված է ռուսական զորքը։ Բայց Ադրբեջանի նպատակը նույնն է մնացել, փոխվել է մարտավարությունը։ Փորձում են սադրանքներով, մանիպուլյատիվ հայտարարություններով այնպես անել, որ ժողովուրդը դուրս գա Արցախից։ Սա կանխատեսելի սցենար է։ Մենք պետք է պատրաստ լինենք նման սադրանքները չեզոքացնելու։ Արտաքին քաղաքական հարթություններում ևս պետք է չեզոքացնենք ադրբեջանական սադրանքները»,- նկատեց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակելու է սադրանքների դիմել։
«Մտածել՝ իրավիճակն այնպիսին է, որ նրանք հարձակվելու են և պատերազմ է սկսվելու, այդպես չէ։ Պետք է հասկանանք, թե հակառակորդն ինչ մարտավարություն է որդեգրել։ Եթե հասկանում ես, ամեն ինչ պարզ է դառնում։ Նկատեմ, որ պետք է ճիշտ քաղաքականություն վարել՝ եղբայրական երկրների հետ։ Այս քայլերը թույլ կտան մեզ պատրաստ լինել՝ թույլ չտալով, որ ադրբեջանական սադրանքները տեղ հասնեն»,- ընդգծեց նա։
ԱՀ ԱԳՆ նախարարն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչ հայտարարություն է անում Ադրբեջանն՝ ուղղված ռուս խաղաղապահներին։
«Հիշում եմ՝ վերջերս մի դիվանագետ ինչպիսի որակավորումներ է տվել ռուս ազգին։ Մտածել, որ այն իր սեփական նախաձեռնությունն է, միամտություն է։ Ադրբեջանը տոտալիտար երկիր է և դիվանագիտական հայտարարությունները համաձայնեցված են երկրի ղեկավարության հետ։ Անհրաժեշտ է հասկանալ հակառակորդ պետության որդեգրած քաղաքականությունը և մեր քայլերը ծրագրել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել էր համարժեք պատասխան տալ սադրանքներին պետական սահմանին և ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում։
Հիշեցնենք նաև, որ օրերս Արցախում սահմանային միջադեպ էր գրանցվել։
Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։