ԱՄՆ-ը չի տարհանել Աֆղանստանից տեղացի թարգմանիչ Մուհամեդին, ով 2008 թ. օգնել է փրկել մի քանի սենատորների, այդ թվում՝ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում է esquire.ru–ն՝ «The Wall Street Journal»-ին հղումով։
13 տարի առաջ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռ ձնաբքի ժամանակ արտակարգ վայրէջք էր կատարել Աֆղանստանի հովտում։ Ուղղաթիռներում էին 3 ամերիկացի սենատորները՝ Ջո Բայդենը՝ ԱՄՆ այժմյան ղեկավարը, Ջոն Քերին, որն այժմ նախագահի հատուկ բանագնացն է կլիմայի հարցերով, և Չակ Հեյգելը, որը պաշտպանության նախարար էր 2013-2015 թթ.:
Անձնակազմերը օգնության ազդանշան են ուղարկել: Մուհամեդը, ով համագործակցում էր ամերիկյան բանակի հետ, ամերիկյան այլ զինծառայողների հետ նրանց օգնության է հասել: Դա իրագործելու համար նրանք ստիպված են եղել մի քանի ժամ անցնել լեռներով:
«Ողջո՛ւյն, պարո՛ն նախագահ: Փրկե՛ք ինձ և իմ ընտանիքին: Ինձ այստեղ մի՛ թողեք »,- փոխանցել է Մուհամեդը Բայդենին:
Ըստ WSJ-ի՝ թարգմանիչն ու նրա կինը և չորս երեխաներն այժմ թաքնվում են Աֆղանստանը գրաված թալիբներից: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա ամբողջական անունը չի հրապարակվում: CNN-ը պարզաբանում է, որ Մուհամեդը փորձել է տարհանվել, սակայն Քաբուլի օդանավակայանի ամերիկացի զինվորականները միայն նրան էին ընդունում՝ առանց կնոջ և երեխաների:
Վաշինգտոնը խոստացել է թարգմանչին դուրս բերել Աֆղանստանից: «Շնորհակալ ենք, որ վերջին 20 տարիներին մեր կողմից եք պայքարել: Շնորհակալ եմ ձնաբքի ժամանակ ինձ համար թանկ անձանց օգնելու և ձեր բոլոր աշխատանքների համար։ Մենք ձեզ դուրս կբերենք: Մենք կհարգենք ձեր ծառայությունը: Եվ մենք պարտավոր ենք դա անել »,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Բայդենի վարչակազմը կարո՞ղ է պատասխանել Մուհամեդին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15 -ին թալիբները հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի ողջ տարածքը: Գրոհայիններն այնտեղ ուժեղացան այն բանից հետո, երբ Բայդենը որոշեց շուրջ 20 տարվա ռազմական ներկայությունից հետո դուրս բերել ամերիկյան զորախումբը: Արևմտյան պետությունները Քաբուլից տարհանեցին իրենց զինվորականներին, խաղաղ բնակիչներին և նրանց հետ համագործակցող աֆղաններին: Օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց տարհանման ավարտի մասին. ընդամենը 17 օրում Վաշինգտոնը ավելի քան 120 հազար մարդու հեռացրեց Աֆղանստանից: