Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները համատեղ վարժանքներ են անցկացնում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխազդեցությունը մարտական գործողությունների ընթացքում, զարգացնել հրամանատարների հմտությունները ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «վարժանքները կիրականացնեն նաեւ ստորջրյա հարձակում եւ պաշտպանություն իրականացնելու խնդիրների առնչությամբ»:
Համատեղ վարժանքը կտեւի մինչեւ սեպտեմբերի 12-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը սեպտեմբերին համատեղ «ԹուրԱզ Շահինի -2021» մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնելու: Օգոստոսին Անկարայում անցկացվեցին «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժություններ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: