Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում «դրական միտում է տեսնում», փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Սկսվել է սահմանի սահմանազատումը, ինչպես նաև սահմանագծումը»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա, իրենց միջնորդներ պետք չեն։ Նա նշել է, որ սահմանազատումը և սահմանագծումն իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի:
«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք առաջնորդվում են իրենց շահերով։ Այդպիսի միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի։ Նրանք ցանկանում են նորից կրակ վառել։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։