Հյուսիսային պողոտայում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և անցնել մետաղյա արգելապատնեշները։ Ոստիկանները նրանց զսպում են, իսկ ցուցարարները ի պատասխան՝ սուլում։
Ցուցարարներից ոմանք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ, սակայն վիճաբանությանը միջամտել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի երիտասարդների հարցերով պատասխանատու Թովմաս Առաքելյանը, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Թումանյան փողոցից ոստիկանական հավելյալ ուժեր են բերվել։
Ավելի ուշ ոստիկանները հեռացրել են արգելապատնեշները, որից հետո ցուցարարները երթով Օպերայի շենքից շարժվել են դեպի Սբ. Աննա եկեղեցի, որտեղ երրորդ օրն է՝ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփում է բողոքի ցույցերի արդյունքները։
Armenia Today-ն ուղիղ եթերում հեռարձակում է «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի ցույցը Երևանի կենտրոնում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի կենտրոնական 4 հատվածներից երթ է իրականացրել դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում իրականացվող միջոցառմանը։
Երթի մասնակիցները հավաքվել էին Հյուսիսային պողոտայում, ուր հայտարարվել էր, որ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածներ կան։ Armenia Today-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ ժամը 17։50-ի դրությամբ՝ բերման ենթարկվածների վերաբերյալ բաժիններից տեղեկություն դեռ չեն ստացել։ ՆԳՆ-ից միայն տեղեկացրել էին, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ բերման է ենթարկվել 12 անձ։