Վրաստանը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս հսկիչ-անցագրային կետ տանող ռազմավիրական ճանապարհով (Военно-Грузинской дороге) ավտոմոբիլային ճանապարհի ամենախնդրահարույց հատվածի արդիականացման ուղղությամբ: Խոսքը Կոբի-Գուդաուրի հատվածի մասին է։ Վերակառուցումից հետո ճանապարհի այդ հատվածը կանցնի թունելով, որի գործունեությունը կախված չի լինի անբարենպաստ եղանակային պայմաններից։
Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ արդեն հայտնի է ճանապարհի այս հատվածի արդիականացման համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը:
Հայտնի է, որ Երևան-Թբիլիսի-Կազբեգի-Վլադիկավկազ երթուղին այսօր միակն է, որը ցամաքով կապում է Հայաստանը Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ: Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռների հիմնական առաքումն իրականացվում է հենց ռազմավիրական ճանապարհով։
Անբարենպաստ եղանակային և կլիմայական պայմանների պատճառով, հատկապես ձմռանը, Կոբի-Գուդաուրի ճանապարհի հատվածը մշտապես փակվում է:
Ուստի, վրացական կառավարության՝ ճանապարհահատվածը արդիականացնելու մտադրությունը դրական արձագանքներ է ստացել Երևանում։ Հայ փորձագետները պնդում են, որ թունելի կառուցման և ճանապարհի արդիականացման նախագծի իրականացման դեպքում հայերի համար փոխադրումների իրականացման մասով բարենպաստ պայմաններ կստեղծվի։
Նախագիծը իրականացման համար անհրաշետ է առնվազն մեկ տարի, կամ գուցե երկու, եթե ոչ ավելին։ Վերին Լարսը շրջանցող մյուս երկու այլընտրանքային տրանսպորտային ուղիների կիրառումը Հայաստանի պարագայում, նախկինի պես, անիրագործելի են մնում, քանի որ տվյալ դեպքում հարցը հենվում է աշխարհաքաղաքականության վրա։ Խոսքը Աբխազիայով անցնող երկաթուղու և Հարավային Օսիայով անցնող ավտոմոբիլային ճանապարհի մասին է։
Մնում է երրորդ այլընտրանքը՝ Կովկաս (Ռուսաստան)-Փոթի (Վրաստան) լաստանավային փոխադրումն է։ Այս նախագիծը տարիներ շարունակ քննարկվում է, սակայն մինչ օրս այդպես էլ չի իրականացվել։ Ամենայն հավանականությամբ պետությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի նախագծի իրականացման համար, իսկ մասնավոր ներդրողները հետաքրքրված չեն։