«Volkswagen»-ը Մյունխենի IAA ավտոսրահում ներկայացրել է էլեկտրական շարժիչով նոր կոմպակտ քրոսովերի նախագիծը: Նախատիպը կոչվում է «ID․ Life», որի արտադրական տարբերակը կթողարկվի 2025-ին: Այս մասին հայտնում է autonews.ru-ն՝ «Carscoops»-ին հղումով։ Նշվում է, որ նորույթի արժեքը կկազմի մոտ 20,000 եվրո: Բրենդի մոդելային շարքում մեքենան պետք է նախորդի էլեկտրական ID.3 հեթչբեքին, որն այժմ Գերմանիայում արժե առնվազն 35.460 եվրո:
Նորույթը ստեղծվել է MEB մոդուլային հարթակի «կրճատված» տարբերակի հիման վրա: Մեքենայի երկարությունը 4091 միլիմետր է: Մեքենան հագեցած է 231 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով: Մինչև հարյուր արագացումը քրոսովերի համար տևում է 6,9 վայրկյան: Առավելագույն արագությունը ժամում 180 կմ է:
«ID․Life»-ը հագեցած է 57 կՎտ/ժ մարտկոցներով: 163 կմ հաղթահարելու համար ընդամենը 10 րոպե լիցքավորում կպահանջվի։