Մեկ շաբաթում Space X-ի հիմնադիր, Tesla և X-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունն աճել է 37,3 մլրդ դոլարով, հայտնում է Bloomberg-ը` նշելով, որ միլիարդատիրոջ համար սա դարձել է 2022 թվականի մարտից ի վեր ամենախոշոր շաբաթական աճը։
Ապրիլի 29-ին գործարարը հարստացել է 18,5 մլրդ դոլարով։ Bloomberg-ում կարծում են, որ կտրուկ աճը պայմանավորված է Tesla-ի հաջողություններով։ Ապրիլի 29-ին Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են այն լուրերից հետո, որ Մասկն այցելել է Չինաստան և պայմանագիր կնքել չինական տեխնոլոգիական հսկա Baidu-ի հետ:
Փորձագետների կարծիքով՝ այս համաձայնագիրը կարող է լուրջ խթան հանդիսանալ Tesla-ի համար: Bloomberg-ի տվյալներով՝ Մասկը կրճատում է անձնակազմի թիվը և մտադիր է արագացնել նոր, ավելի բյուջետային մոդելների թողարկումը, որոնք կարող են պատրաստ լինել 2025 թվականի սկզբին: Միևնույն ժամանակ, ընկերությունը 2020 թվականից ի վեր առաջին անգամ տարեկան կտրվածքով կրճատել է եռամսյակային հասույթը։
Bloomberg Billionaires Index-ի վարկանիշի համաձայն՝ ներկայում Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երրորդն է՝ 202 մլրդ դոլար կարողությամբ:
Bloomberg Billionaires Index-ի առաջատարը Louis Vuitton-ի ղեկավար Բեռնար Առնոն է (217 մլրդ դոլար)։ Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է (203 մլրդ դոլար)։