Վրաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկրի չափահաս բնակչության ավելի քան 20 տոկոսը: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն:
Ինչպես հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստվել է 577 162 մարդ: Նշված թիվը երկրի չափահաս բնակչության 20,2 տոկոսն է: Եվս 889 903 մարդ կամ չափահաս բնակչության 31,2 տոկոսը պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ է ստացել։
Միայն անցած օրվա ընթացքում երկրում մոտ 21,2 հազար ներարկում են արել: Գամկրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման ներկայիս տեմպերը թույլ կտան մինչև տարեվերջ ամբողջությամբ պատվաստել Վրաստանի չափահաս բնակչության 60 տոկոսին, ինչը համապատասխանում է ազգային պլանին:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Ներկայումս երկրում գրանցվել է վարակի 580 869 դեպք (բնակչության ավելի քան 15%-ը), 541 610 հիվանդ ապաքինվել է, 8185 մարդ՝ մահացել: