Սեպտեմբերի 27 -ին Ստրասբուրգում բացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30 -ը: Նիստի առաջին օրը պատգամավորները նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար, փոխանցում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ, լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ: 44 օր տևած պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի մի մասը, Հադրութի, Աղդամի, Շահումյանի և Լաչինի (բացառությամբ Լաչինի միջանցքի) շրջանները և Շուշի քաղաքն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։
Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը պատերազմի ընթացքում հայ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում 3781 է: Մոտ 11 հազար մարդ վիրավորվել է: 2021 թվականի սեպտեմբերի 27 -ի դրությամբ՝ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ անհետ կորել է: Ադրբեջանական գերության մեջ 80 մարդ կա, 108 զինծառայող և քաղաքացիական անձինք վերադարձել են գերությունից:
Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին Հայաստանում և Արցախում ժամը 11:00 -ին մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը, եկեղեցիներում մատուցվել է հիշատակի պատարագ: