ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի հարցում Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնել Բրյուսելում։
«Ես չեմ կարող տալ ձեզ ճշգրիտ ամսաթիվը. ես պատրաստ եմ ընդունել դրանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- նրա խոսքը մեջբերում են եվրոպական լրատվամիջոցները։
Նա հավելել է, որ պետք է «որոշակի ռազմավարական համբերություն ցուցաբերել, քանի որ մենք չենք կարող մեզ թույլ տալ ձախողվել»:
Ընդ որում, Բորելը, ի տարբերություն Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենի, վստահություն է հայտնել, որ դիվանագիտությունը Իրանի միջուկային խնդրի լուծման միակ ճանապարհն է:
«Ես չեմ ուզում մտածել «պլան Բ»-ի մասին, քանի որ այլընտրանքային տարբերակներից ոչ մեկը գրավիչ չի թվում։ Միջուկային զենք ձեռք բերելու Իրանին խանգարելու միակ տարբերակը միջուկային համաձայնագրի վերադարձն է»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը։
Ավելի վաղ այս շաբաթ Բլինկենը նախազգուշացրել էր, որ եթե իրանական միջուկային խնդիրը չհաջողվի լուծել դիվանագիտության օգնությամբ, ապա Վաշինգտոնը պատրաստ կլինի քննարկել խնդրի լուծման մյուս բոլոր տարբերակները: