«Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի սահմանների հետ կապված շարունակում է թաքուն գործողություններ անել, ուրեմն պետք է պատասխան տա դրա համար»: Այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 25-ի ասուլիսում:
Նրա խոսքերով՝ ՀՀ իշխանությունն ինչ անում է, ինչ բանակցում է, պետք է կրի հրապարակային բնույթ, լինի հասարակության և սփյուռքի դերակատարների մասնակցությամբ:
«Թաքուն կեցվածքն իշխանությունը շարունակել չի կարող: Թաքուն՝ ոչ միայն լրագրողներից, այլև այն պատասխանատու շրջանակներից, որոնք պետք է ներգրավված լինեն»,- նշեց Մինասյանը:
Նրա համոզմամբ՝ չի կարող որևէ քարտեզ, որևէ փաստաթուղթ դրվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հիմքում, եթե դրա վերաբերյալ չկան Հայաստանի կողմից անցկացված հետազոտություններ:
Իսկ ընդդիմության խնդիրը, ինչպես հավելեց բանախոսը, հետևյալն է՝ օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ կանխելու համար սահմանին մի նոր ոչ հայանպաստ վիճակի առաջացումը: