Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ին կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը երկարաձգելու հարցը: Այս մասին հաղորդում է «Անադոլու»-ն:
Գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած օրինագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
«Ադրբեջանի մասին օրինագիծն անցյալ տարի խորհրդարանում պաշտպանել են բոլոր կուսակցությունները, բացի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP)։ Հուսով եմ, որ այս տարի փաստաթղթին կողմ կքվեարկեն բոլոր կուսակցությունները, և մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերն ու պետությունը ադրբեջանցի եղբայրների կողքին են», – հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը:
Գործակալությունը նշում է, որ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը հավանության է արժանացել Թուրքիայի խորհրդարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի լիագումար նիստում: