Մոսկվան պետք է դիվանագիտական ճնշում գործադրի և ուժ կիրառի հայ-ադրբեջանական հակամարտության սրման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Մոսկվան պետք է դիվանագիտական, քաղաքական առավելագույն ճնշում գործադրի կողմերի վրա, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, որի նախաձեռնությունն այդ դեպքում ակնհայտ է: Եթե խոսքը մեր խաղաղապահների կողմից վերահսկվող դիրքերի վրա հարձակվելու մասին է, իհարկե, նրանք զենք կկիրառեն։ Իմ կարծիքով՝ դա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք։ Ռազմական միջամտության հիմքեր այս պահին, ամեն դեպքում, չկան, դա սահմանային գոտի է։ Եթե այս ամենը զարգանա, այդ ամենին պետք է հետևի ուժի կիրառման հնարավորության մասին նախազգուշացումը, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է»։
Նրա խոսքով՝ սահմանին հաճախակի դարձած բախումները Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու Ադրբեջանի փորձերն են, որոնց հայկական կողմն այս պահին պատրաստ չէ:
«Սա սահմանային միջադեպ ստեղծելու Ադրբեջանի հերթական փորձն է, Հայաստանին պարտադրելու բանակցել սահմանագծման և սահմանազատման շուրջ։ Ինքնին այդ բանակցությունները, ըստ Ադրբեջանի վարկածի, պետք է հանգեցնեն պայմանագրի ստորագրմանը, որը կփակի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման։ Հենց այդ պատճառով է, որ Հայաստանում այսօր ձգձգում, խուսափում են այդ բանակցություններից։ Նրանց կարելի է հասկանալ այն պարտությունից հետո, որը հասցվել է։ Ադրբեջանի կողմից սահմանին տեղի ունեցած միջադեպերը բացառապես Լեռնային Ղարաբաղի հարցում վերջակետ դնելու ցանկության հետ են կապված»,-ասել է ռուս խորհրդարանականը։
Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն դիմում է Ռուսաստանին՝ խնդրելով 1997թ.երկկողմ պայմանագրի շրջանակներում օգնություն ցուցաբերել իր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։