Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը մինչև վերջ դեռ չի հանդարտվել։ Այս մասին ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր:
Պուտինն ընդգծել է, որ ռուսական դիվանագիտության դերն աճում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորման, Անդրկովկասում տնտեսական կապերի վերականգնման, կենսական կարևոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի շարունակման գործում:
«Մեզ մոտ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով փոխվարչապետների մակարդակով, որն աշխատում է։ Իմ կարծիքով՝ հեռանկարները վատ չեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը, շահագրգռված են այդ խնդիրների երկարաժամկետ կարգավորմամբ»,- նշել է ՌԴ նախագահը։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։