«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կհաստատվի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինյանի հետպատերազմական քայլերը հստակ ուղղվածություն եւ տրամաբանություն ունեն։ Եթե դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է, որպեսզի «ցավոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։
Այդ քայլերի շարքում է Սյունյաց հող պահող համայնքապետերի կալանավորումը։ Դրանից բացի, ամռանը՝ օգոստոսի 13-ին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց լեգենդար զինվորական Ժիրայր Պողոսյանը։ Այդ կորպուսն է իրականացնում Սյունիքի պաշտպանությունը, իսկ Պողոսյանը բանակի այն գեներալներից է, որը հայրենիքի ամեն սանտիմետրի համար կյանքը կտար եւ պատերազմից հետո մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։
Պարզվում է, իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել, որ Պողոսյանն ինքնակամ հեռանա զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել՝ նշանակվել էր 2018-ին։ Երբ խաղաղ ճանապարհով Պողոսյանից ազատվել չի ստացվել, նրան գործուղել են Ռուսաստան՝ ուսումնառության անվան տակ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թ. հուլիսի 1-ից պետք է փոխարինի 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքին։
Նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» նոր օրենքի ընդունման միջոցով։
«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի աշխատակիցները տեղեկություններ ունեն, որ միգուցե օրենքի՝ ուժի մեջ մտնելու գործընթացը հետաձգվի՝ պայմանավորված օրենքում նոր փոփոխություններ մտցնելու հագամանքով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկը բավականին «մշուշոտ» է: Մասնավորաբար, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Նշենք, որ, բացի նրանից, որ հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ (իսկ դրանք այս կառավարության օրոք գերակշիռ մեծամասնություն են կազմում), երկրորդ մասն էլ ընդհանրապես «գաղտնի» նշումով էր։
Կոմիտեում հարցի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է եղել: Սակայն գյուղատնտեսության աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատկացվել է ոչ թե ոլորտը համակարգող այդ նախարարությանը, այլ վարչապետի աշխատակազմին։ Հավելենք, որ սոցցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ այս հատկացումները ուղղակիորեն կարող են կապված լինել դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը և ներկա ու նախկին պաշտոնյաների կատարածների մասին զարմացնող, ապշեցնող երբեմն նաև զայրանող նորությունները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը: Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային» : Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչականի շենքի մի հատվածը, ապա երբ քաղաապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին:
Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները պատմում են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքի խղճուկ բյուջեից որոշեց իրեն ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու` Ալեքսանի անվան տակ գնում է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցում: Ի դեպ, մեզ ասացին, որ եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում»։