ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ – ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության համաձայն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումներով սկսված երկխոսությունը, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահող երկրները նաև կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից» և ամբողջությամբ կատարել 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով հաստատված պարտավորությունները, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները։
Հայտարարության մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու համար, ներառյալ՝ ձերբակալված անձանց, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի, պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանության հարցերը: Համանախագահող երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին «կառուցողական աշխատել այլ չկարգավորված հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանագծման և սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ»:
«Համանախագահող երկրները մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական սահմանագծում վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ սահմանային վեճերի լուծման համար ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անընդունելի են։ Համանախագահող երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները», – ասված է հայտարարության մեջ:
Համանախագահող երկրները կողմերին կոչ են արել հնարավորինս արագ ընդունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի վերջիններս կարողանան տեղում՝ առաջին ձեռքից գնահատել իրավիճակը, զգալի առաջընթաց գրանցել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության գալ ապագա շփումների օրակարգի շուրջ: Հայտարարության մեջ ասվում է նաև տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին համանախագահների վճռական աջակցության մասին, համանախագահ երկրները կոչ են արել կողմերին լիարժեք համագործակցել վերջինիս հետ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը կողմերի հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար՝ իրենց մանդատին համապատասխան՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագային աջակցելու նպատակով»,-ընդգծվում է հայտարարության մեջ: