Չնայած շարունակվող համաճարակին և սոցիալ- տնտեսական դժվարություններին, հայ կինեմատոգրաֆիստները ձեռքերը ծալած չեն նստել նաև 2021 թվականին: Նրանց ստեղծագործական ջանքերի արդյունքն են անցած տարի նկարահանված գեղարվեստական և հեռուստաֆիլմերը։ Armenia Today-ի խմբագրությունն առանձնացրել է ֆիլմերից մի քանիսը։
«Սողոմոնի երգերը»– Ֆիլմը պատմում է երեխաների ընկերության մասին, որը ավարտվում է սարսափելի Համիդյան սպանությունների հետևանքով, որոնք ներթափանցում են Օսմանյան կայսրություն 1894-1896 թթ․-ին Սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք: Թուրք հերոսուհին վտանգելով իր կյանքը, փորձում է փրկել իր ընկերուհուն, ով ազգությամբ հայ էր և որին իր կրոնական պատկանելիության պատճառով որսում էին թուրք զինվորները: Ֆիլմը սկսվում է 1891 թ․-ին, Կուտինայում՝ Անատոլիայում, և ավարտվում է 1915 թ-ին Կ.Պոլսում` Կոմիտաս Վարդապետի վերջին համերգի ժամանակ: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Կոմիտասի հոգևոր երաժշտության ֆոնի ներքո:
«Զուլալի»– Կինոռեժիսոր Հայկ Օրդյանը նկարահանել է «Զուլալի» գեղարվեստական ֆիլմը՝ ծնունդով տավուշցի, երկար տարիներ Մոսկվայում բնակվող և գրական առաջին իսկ փորձերից այնտեղ մեծ ձեռքբերումներ գրանցած, մի քանի հեղինակավոր ռուսական գրական մրցանակների արժանացած Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա։ Նարինե Աբգարյանի բոլոր ստեղծագործությունները, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում հայերեն, պատմություններ են իր ծննդավայրի՝ Տավուշի հող ու ջրի, մարդկանց մասին։ «Զուլալի»-ն գրողի առաջին և առայժմ միակ նկարահանված ստեղծագործությունն է, և հենց այս երեկո Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան՝ ստեղծագործական խմբի մասնակցությամբ։ Ի դեպ, «Զուլալի» ֆիլմի երաժշտության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է։
«Իշխանություն»– Արցախյան առաջին ու Ապրիլյան քառօրյա պատերազմների մասին պատմող երկսերիա «Կյանք ու կռիվ» ֆիլմից հանդիսատեսին հայտնի տաղանդաշատ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հերթական՝ «Իշխանություն» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան։ Այն ֆիլմ է մեր իրականության մասին, որն, անխոս, քաղաքական հենք ունի, բայց դա այն քաղաքականությունն է, որն ամեն մեկս կրում ենք մեր մեջ, ասել է, թե մեր «դաստիարակած» ու մեր «մեծացրած», մեր ձեռքով «ցանած ու հնձած» քաղաքականությունն է։ Գլխավոր հերոսուհին Ալիսան է՝ նախագահի օգնականը, որը հրաշքների աշխարհից հայտնվում է Արցախում տունը լքելու և գյուղից հեռանալու փաստի առջև։ Նա չէր տրվել քաղաքական խաղերին, որոշել էր պայքարել պոպուլիզմի դեմ, սակայն պարտվել էր, քանզի պոպուլիզմին հնարավոր չի հաղթել պոպուլիզմով։
«Մեր բակը 25 տարի անց»– «Այսօր սկսվել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները», – նշվում է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքի Facebook-յան էջում։ «Մեր բակը» նախագիծը միավորում է միանման գաղափարներով 3 ֆիլմ երևանյան բակի կյանքի մասին։ Առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականին՝ Ամանորի գիշերը։ «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։ Առաջին «Մեր բակի» պրեմիերան կայացել է 1997թ.–ին, երկրորդը` 1998թ.–ին, երրորդը`2006թ.–ին։
Հաճելի դիտում։