Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը. ուսումնասիրության խիստ մտահոգիչ արդյունքները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։
Խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է:
2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից։
Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․
1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։
2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:
3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։
4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։