«Վարչական դատարանը բավարարել է Փարաքար համայնքի ավագանու ՔՊԿ և Դավիթ Մինասյան դաշինքի անդամների բողոքը և անվավեր ճանաչել Ապրելու երկիր կուսակցության ավագանիների կազմակերպած համայնքապետի «ընտրությունները»։ Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Կարծում եմ ՝ սա լավ դաս կլինի Ապրելու երկրի համար ու նրանք վերջապես կհասկանան, որ շառլատանություն անելը բնավ լավ բան չէ, հատկապես, երբ քաղաքական հայտ ես փորձում ներկայացնել։
Իսկ մեզ մնում է շնորհավորել փարաքարցիներին, քանզի նրանց քվեները շառլատանությամբ գողանալ փորձողները ձախողվեցին»,-նշել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության Փարաքար համայնքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքն է ընտրվել համայնքապետ։