ՀԱՊԿ զորքերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Վերջինս նշել է, որ Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում իրավիճակը կայուն է, ՀԱՊԿ հիմնական առաքելությունն ավարտված է։
Տոկաևի խոսքով ՝ գրոհայինները մտադիր էին գրավել իշխանությունը Ղազախստանում, բայց Ղազախստանում պետական հեղաշրջման փորձերը ձախողվել են: Նա հայտարարել է, որ Ղազախստանին անհրաժեշտ է վերաձևակերպել ազգային անվտանգության սխեման։ Նրա խոսքով՝ կձևավորվեն Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի նոր ստորաբաժանումներ, նաև անհրաժեշտ է վերանայել սահմանապահ ծառայության աշխատանքի սկզբունքները: Ղազախստանի նախագահը նաև հայտարարել է երկրում կրոնական ծայրահեղականության և կրիմինալի սերտաճումը կանխելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում սոցիալական անհավասարության խնդիրը սրվել է։ Նրա խոսքով՝ Ղազախստանում պետական աջակցության միջոցների հասանելիությունը հարցեր է առաջացնում:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Երկրի արևմուտքում բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Այնուհետև սկսվել է թալան, գրոհայինները հարձակվել են պետական հաստատությունների վրա, խլել զենքերը: Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Ղազախստանի ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել է 17 ուժային։ Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել կառավարությանը և գլխավորել Անվտանգության խորհուրդը։ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանի իրադրությունը որակել է որպես պետության ամբողջականության խախտում և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրի իրադրությունը կարգավորելու համար: Հայաստանը հունվարի 7-ին Ղազախստան է ուղարկել 100 խաղաղապահների։