Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին դեռ պաշտոնապես առաջարկ չի արվել նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ խոսակցություն չի եղել, կոնկրետ առաջարկ դեռևս չի եղել։
Նա գեղեցիկ չի համարում այսօր որևէ մեկնաբանություն անել։
«Քանի դեռ այս պահին չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղտ։ Մարդը դեռևս հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու»,- ասաց նա։
Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ ինքը համապատասխանում է նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջվող չափանիշներին։
«Տեսականորեն իմ անունը պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով պահանջվող չափանիշները՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, նկատեց նախարարը։
Նշենք, որ հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։
Հավելենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էր, որ ՔՊ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։
Իսկ հունվարի 30-ին մամուլում արդեն որպես նախագահի հավանական թեկնածու շրջանառվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի անունը։