ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Քննարկվել է նաև փոխգործակցությունը ՀԱՊԿ-ում՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը։
Նշվում է, որ մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել նաև անվտանգության երաշխիքների շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված: Ընդգծվել է եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության սկզբունքների պաշտպանության կարևորությունը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։