Շուրջ 5200 մարդ է մասնակցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ շրջաններում չարտոնված ակցիաներին, ինչի արդյունքում ձերբակալվել է ավելի քան 3500 մարդ: Այս մասին ինչպես հաղորդում է ТАСС-ը, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Գայլը։
«Ռուսաստանի ՆԳՆ ստորաբաժանումներն այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ ապահովել են իրավակարգը Ռուսաստանի Դաշնության մի շարք սուբյեկտների չարտոնված հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում։ Մոսկվայում չհամաձայնեցված ակցիային մասնակցել է մոտ 2500 մարդ, ձերբակալվել է 1700-ը: Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակիցների թիվը կազմել է մոտ 1500 մարդ, նրանցից 750-ը ձերբակալվել են: Այլ շրջաններում չարտոնված միջոցառումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 1200 մարդ, ձերբակալվել է 1061-ը», – ասել է նա։
Գայլի խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ քննության համար, որոշվում է նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ավելի վաղ համացանցում կոչեր էին տարածվել մարտի 6-ին դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակ և բողոք հայտնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության դեմ: Մոսկվայի ոստիկանությունը և դատախազությունը, ՌԴ ՔԿ-ն, ՆԳՆ-ն նախազգուշացրել են, որ գործադիր իշխանության մարմինների հետ չհամաձայնեցված ակցիաների անցկացման բոլոր փորձերը անհապաղ կկանխվեն, իսկ դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն: Նշվել է նաև, որ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ սադրիչ հարձակումներ կամ ագրեսիվ գործողություններ թույլ տված անձինք անհապաղ կձերբակալվեն և օրենքով նախատեսված պատիժ կկրեն: