Այսօր՝ ժամը 10:35-ին, ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ ականը պայթել է տան բակում: Սուրեն Բաղդասարյանը շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ միջադեպին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նա մասնավորապես նշել է, որ հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։
«Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։ Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։ Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ Այսօր ԱՀ ՊՆ-ը հայտնել է, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
Լուսանկարը՝ ԱՀ ոստիկանության։ Լուսանկարում վիրավոր քաղաքացին է։