Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից այսօր երեխա է ընկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը ժամը 10:32-ին ահազանգ է ստացել, ըստ որի Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, կատարվում է հետազոտություն։