ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի մեր գործընկերներն իրենց ռուսատյացությամբ, Ռուսաստանի Դաշնությանը վերաբերող ամեն ինչ չեղարկելու ձգտումով չեղյալ են հայտարարել նաև Մինսկի խմբի եռանախագահները՝ հայտարարելով, որ իրենք մեզ հետ չեն շփվի այդ ձևաչափով։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ընդհանրապես Անդրկովկասի կոնֆլիկների կարգավորման շահերը, եթե նրանք պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է», — ասել է Լավրովը՝ հավելելով, որ նման մոտեցումը միանգամայն անպատասխանատու է և Ռուսաստանին դուրս չի մղի հունից:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մոսկվան, ինչպես և նախկինում, լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցությանը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ ձևաչափով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:
Հայաստանի արտգործնախարարն այլ տեսակետ է հայտնել՝ նշելով, որ միջազգային հանրությունը շարունակում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում՝ Չնայած աշխարհում բարդ հեպոպոլիտիկ իրավիճակին։
«Ինձ այլ ազդակներ են հասնում. չնայած ադրբեջանցի գործընկերների այն հայտարարություններին, թե Մինսկի խմբի համանախագահությունը դադարել է գոյություն ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, ավելին՝ չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող նման տարածաշրջան, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում, և դա շատ հուսադրող է»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը: