Գլխից վիրավորում ստացած 44-օրյա պատերազմի մասնակցին վայրագությամբ, մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանական մեքենայի մեջ վիրավոր գլխին բռունցքներով հարվածելով բերման են ենթարկում անհայտ ծագման, դիմակավորված հանցագործներ։ Այս մասին հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Նարեկի ինքնազգացողությունը բաժնում վատացել է։ Միայն մեկ բաժնում կա պատերազմի 5 մասնակից, 3-ը՝ պատերազմի ընթացքում վիրավորում ստացածներ»,- գրել է պատգամավորը։
Նշենք, որ առավոտյան ժամը 08։30-ից ողջ մայրաքաղաքում Դիմադրության շարժման ակտիվիստները լայնածավալ անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանում։ Շարժման ակտիվիստները փակում են փողոցները։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միացիր», «Նիկոլ՝ դավաճան»։ Ակտիվիստների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունենում տարբեր շրջաններում։ Ցանցում բազմաթիվ տեսանյութեր են շրջանառվում ցուցարարների ծեծի մասին։ Տուժածների թվում կան նաև լրագրողներ։ Նշենք, որ ոստիկանության վերջին տվյալներով բերման է ենթարկվել շարժման 225 ակտիվիստ։