Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։
«Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2021թ․ գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտ ժամանակահատվածի համար կազմել է 140․24 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%–ով»,-նշել է Արմեն Արզումանյանը։
Արմեն Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ պետությունների հետ համագործակցության տարաբնույթ ձևաչափերով:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում նշել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։ Նա նաև ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում և Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարևորությունը։