1․«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։
Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Թերթի տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։
Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։
Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որևէ հետևանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։
2․ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռևս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է:
Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի:
Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաև ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես թերթի հետ զրույցում նշել է իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ:
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև՝ կուսակցությանն անդամակցությունից: Թերթի արցախյան աղբյուրը հայտնեց, որ քայլը պայմանավորված է դաշտի խոշորացմամբ, վերջին օրերին դաշինքներ են ձևավորվում, և ֆավորիտ նախագահացուները՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սահակյանի հետ բանակցել են աջակցություն ստանալու առաջարկով։ Որպեսզի որևէ մեկին չնեղացնի, նախկին զինվորականը որոշել է քաղաքականությունից հեռանալ:
4․ «Իրատես» թերթը գրում է, թե որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելուն, այնուհանդերձ, պնդում կա նաև, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիևի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։
Քանզի փորձագետներն առաջին հերթին անվտանգային և Ղարաբաղյան խնդրին առնչվող վտանգներ են տեսնում այդպես հապշտապ հանրաքվե կազմակերպելու հեռագնա քայլերում, և չեն բացառում, որ հանրաքվեն ինքնին կստանա բավարար «այո», սակայն մասնակցության անբավարարության պատճառով կհամարվի չընդունված, և կծառայի ոչ միայն ժամանակ շահելուն, այլև որպես ապացույց, որ Փաշինյանը, այո, ունի բարձր ռեյտինգ, բայց եթե Ղարաբաղին առնչվող հանրաքվեն նույնպես դրվի քվեարկության, չի ստանա բավարար ձայներ, որպես հարցի լուծման բանալի: Ասել է` այս հանրաքվեն նաև «ապրոբացիայի» համար է»:
5․«Հրապարակ» թերթը գրում է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետև հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։
Թերթի տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։
Իսկ թե «ոչ»-ը հաղթի, դուք նստելու եք, ում դեմ էլ դեռ հարուցված քրեական գործ չկա, կհարուցենք:
6․ «Իրատես» թերթը գրում է, որ օրեր առաջ Լոռու մարզում երկու այլ հէկ կառուցելու թեմայով քննարկում է տեղի ունեցել շրջակա միջավայրի նախարարությունում: Խոսքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին Ձորագետի վրա 2 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին է: «Հէկերի կառուցման դեպքում Ձորագեսի ևս 18 կմ հատվածը կհայտնվի խողովակի մեջ։ Ինչու ևս, որովհետեւ 67 կմ երկարությամբ գետի վրա արդեն իսկ գործում են 4 Փհէկ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «Ձորահէկ»:
Թերթի տեղեկություններով՝ Ձորագեսի վրա հէկեր հիմնելու ջատագովն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանն է: Դեռևս 2006-ին նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել «Կուրթան» փոքր հէկը, որտեղ բաժնեմաս է ունեցել: Նա նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այժմ, սակայն, ՍՊԸ-ի բաժնետերերի առաջին ու երկրորդ հորիզոնականում Սամվել Հունանյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն են:
7․«Հրապարակ» թերթը գրում է, որ հայտնի է սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։
Թերթի տեղեկություններով՝ աշխատանքները Երևանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջևանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
8․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: Մասնավորապես, ԲՀԿ-ականներով հավաքվելու են և քննարկելու հարցը, թե ինչ դիրքորոշում հայտնեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասով:
Ըստ թերթի տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան:
Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանն իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու. գուցե նրանք էլ գնան երրորդ` չեզոք մնալու տարբերակով։
9․«Փաստ» թերթը գրում է, որ օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, դեսպանների այս տարվա աշխատանքների հետ կապված հիմնական շեշտադրումները կատարվել են ոչ այնքան ավանդույթ դարձած օրակարգային խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման և հայապահպանության հարցեր, որքան (դրանցից զատ) նրա վրա, որ չեզոքացվեն առաջիկա հանրաքվեի և ընդհանրապես մի շարք թեմաների հետ կապված եվրոպական կառույցների կողմից տրվող բացասական արձագանքները։
ԱԳՆ-ում թերթի աղբյուրը զարմանքով փաստում է, որ առաջին անգամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին հանձնարարություն է տրվում զբաղվել ներքաղաքական հարցերի հղկման գործընթացով:
Սա ԱԳՆ պատմության մեջ աննախադեպ գործընթաց է, երբ փաստացի լոկալ խնդիրները դարձել են դոմինանտ։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, դեսպաններին հատուկ հանձնարարվել է հետևել ՀՀԿ-ի ու արմատական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների՝ եվրոպական երկրներ կատարած այցերին ու ունեցած հանդիպումներին, առավելագույնս չեզոքացնել այդ այցերի՝ իշխանությունների համար անցանկալի հետևանքները: