Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածը և հայտարարել, որ մինչեւ ձմեռ այն չի բացելու։ Այս պարագայում Երևան հասնելու համար իրանական բեռնատարների համար միակ ճանապարհը մնացել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը, որը, հատկապես եղանակային անբարենպաստ պայմաններում դժվարանցանելի է դառնում հատկապես կցորդիչով բեռնատարերի համար։ Այս մասին News.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
«Ստեղծված իրավիճակի մասին նախապես տեղեկացված չենք եղել, թեև փորձագիտական ուսումնասիրությունների առումով այն հավանական էր համարվում։ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հետևանքով առևտրի ոլորտին հասցված վնասը կարճատև ենք համարում։ Օգտագործվող և բարեկարգվող ներկայիս այլընտրանքային ճանապարհի ստեղծումը գրեթե լուծել է խնդիրը, սակայն հիմնական լուծումը, որը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի ավարտն է, որը միջազգային նշանակություն կունենա»,- ասել է Զոհուրին։
Խոսելով տարածքային ամբողջականության մասին՝ Զոհուրին ասել է․
«Միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է, որը տարբեր մակարդակներում վերահաստատվել է բոլոր պաշտոնյաների կողմից: Եվ դժվար թե որևիցե մեկը կասկածի այդ հարցում»:
Նա հայտնել է, որ ողջունում է երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում հարևան երկրների միջև ձեռք բերված համաձայնեցումների իրագործումը և դա օգտակար է համարում տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացման և տարածաշրջանի ժողովրդների բարեկեցության համար։