Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Արցախի Հանրապետության մասնակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին՝ նշելով, որ այս հարցը շարունակում է մնալ օրակարգային։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորման հարցում բանակցություններից չի խուսափում և նման նպատակ չունի։
«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: