Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համանման առաջին նիստը տեղի է ունեցել այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ երկրորդ նիստն այստեղ՝ Երևանում՝ միաժամանակ ընդգծելով, որ այսպիսով, մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ:
«Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման:
«Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը միաժամանակ շեշտել է, որ կարծում է՝ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս գործողությունները մենք իրականացնում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրելու, որ ուժի դիրքերից Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են:
«Եվ այս առումով Հայաստանն իրականացրել և իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլև պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։