Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, որին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանը:
Նշենք, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել պոլիկլինիկայի դիմաց: Նրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:
«Ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբր կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է: Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով»,-ասված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ: